Փրկարարները շարունակում են Ուկրաինայում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի շրջանում անտառային հրդեհի մարման աշխատանքները, որին ներգրավվել է ավելի քան 1000 մարդ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»' հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հայտարարությանը:

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները ցուցաբերում են օգնություն անտառային հրդեհների մարման գործում»,- հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը:

Մամլո ծառայությունը նաև հայտարարել է, որ հրշեջների տրամադրության տակ է գտնվում ավելի քան 230 միավոր տեխնիկա, այդ թվում' երկու ուղղաթիռ:

Օտարման գոտում անտառային հրդեհը սկսվել է ապրիլի 4-ին և տարածվել է երեք անտառային տարածքներում: Իրավապահ մարմինները պարզել են հրկիզման կասկածյալի ինքնությունը. նրա դեմ քրեական գործ է հարուցվել: