ԱՄՆ-ի նախագահը բազմիցս ասել է, որ ցանկանում է վերսկսել բիզնեսների աշխատանքն աշխարհի խոշորագույն տնտեսությունում, նույնիսկ երբ առողջապահության մասնագետների կարծիքով դրա համար դեռ վաղ է:

Հետևելով նախագահի առաջարկին՝ Ջորջիա եւ Օքլահոմա նահանգներում կարող են բացվել լողավազանները, Ալյասկայում' ռեստորանները: Սակայն հաճախորդները պարտավոր են ենթարկվել սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին: ԱՄՆ-ի մյուս նահանգները քննարկում են սահմանափակումների աստիճանաբար թուլացման տարբերակները: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Իսպանիայում վեց շաբաթ խիստ կարանտինից հետո սահմանափակումները թուլացվել են, իսկ երեխաներին վերջապես թույլատրել են դուրս գալ փողոց:

Կիրակի օրը Իտալիան հայտնել է, որ դպրոցները կվերաբացվեն Սեպտեմբերին, մինչդեռ շատ բիզնեսներ հնարավորություն կստանան վերսկսել աշխատանքը հաջորդ շաբաթ: Ֆրանսիան էլ պատրաստվում է կորոնավիրուսի շուրջ որոշումների մասին հյատնել երեքշաբթի օրը:

Բելգիան հայտարարել է, որ դպրոցներն ու բիզնեսները կվերաբացվեն մայիսի կեսից, իսկ Գերմանիայում արդեն իսկ սկսվել է որոշ բիզնեսների վերաբացումը:

Սաուդյան Արաբիան կիրակի օրը հայտնել է, որ առևտրի կենտրոններին հնարավորություն կընձեռվի մի քանի ժամով աշխատեցնել բիզնեսները, սակայն ընդգծել է, որ Մեքքան կշարունակի մնալ խիստ սահմանափակումների տակ:

Պեկինում նոր սահմանափակումներ են կիրառվում համաճարակի դեմ պայքարում՝ արգելելով այնպիսի «անպարկեշտ» պահվածքը, ինչպես օրինակ հազալիս կամ փռշտալիս բերանը չփակելը:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ապրիլի 26-ի տվյալներով երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 54 375-ի։

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2,945,893ի, իսկ մահացության թիվը ապրիլի 10-ից ի վեր կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 204,014-ի:

Աշխարհով մեկ կարանտինի թուլացման վերաբերյալ քննարկումների ֆոնին Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը զգուշացրել է, որ կորոնավիրուսից ապաքինված մարդիկ չեն կարող վստահ լինել, թե կրկին չեն վարակվի:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1746 դեպք, որոնցից 833-ն առողջացած, 28-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 885 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 17931 թեստավորում: