Եթե վարձակալությունը թանկ է, կարող են փոխել տեղակայումը: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ անդրադառնալով վարձակալական վճարներին: Նա նշեց, որ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի 3-րդ միջոցառման շրջանակներում վարձակալական ծախսերը ներառված են նպատակային ծախսային ուղություններում. «Ստանալով այս վարկը՝ հնարավոր է մարել այդ վճարները: Սակայն յուրաքանչյուր կազմակերպություն ինքը պետք է կողմնորոշվի: Վարկի մեծությունը պայմանավորված է 2019-ի շրջանառությամբ, ՓՄՁ-ն կարող է օգտվել իր նախորդ տարվա շրջանառության 10-ը տոկոսի չափով վարկային գումարից: Տնտեսվարողը պետք է ինքնուրույն գնահատի, թե կարողանալու է հետագայում մարել վերցրած վարկը, մենք հասկանում ենք, որ այս պահին մեծ է անորոշությունը, բայց այն կազմակերպությունները, որոնք գիտակցում են, որ իրենց ծանրաբեռնվածությունն արդեն իսկ մեծ է, իսկ հավանականությունը փոքր է, որ կկարողանան մարել, այլ լուծումներ պետք է գտնեն, ցավոք»,- ասաց նա: Փոխնարարաի խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք դիմում են այս միջոցներին, պետք է պլանավորեն, թե ինչպես են դրանք ծախսելու. «Եթե հասկանում են, որ վարձակալությունը թանկ է, մեծ բեռ է ներկայացնում, պետք է գնահատեն, թե հնարավո՞ր է արդյոք, պահպանելով բիզնես ուղղությունը՝ փոխել տեղակայումը, կամ ժամանակավորապես դադարեցնել այդ կետում, այդ գույքի հետ կապված հարաբերությունը»: Ըստ նրա՝ տնտեսվարողները պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, նվազեցնել այն ծախսերը, որոնցով պայմանավորված չէ, իրենց հետագա գոյությունը: