Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։

Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։

Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»: