Հայաստանում մեղմացվել է կարանտինը, և քաղաքացիներն այսօրվանից կարող են օգտվել մի շարք ազատություններից, որոնցից նախկինում զրկված էին՝ պայմանավորված համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումներով: Առողջապահության նախարարն էլ այսօր ԱԺ-ում էր՝ զեկուցում էր անցնող ամիսներին կատարած աշխատանքի մասին: Անցնող ամիսները ջրի երես հանեցին պետական կառավարման համակարգի բոլոր թերությունները. այն, որ թավշյա պաշտոնյաներն այդպես էլ չդարձան լավ մենեջերներ: Մասնավորապես, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով պետք է այդ օրերին ամենապատասխանատուն գտնվեր, գրեթե յուրաքանչյուր օր զբաղված էր հայտարարություններ անելով և այնուհետև ինքն իրեն հերքելով: Սկզբում համավարակը բացարձակապես վտանգավոր չէր և հավելյալ միջոցառումների կարիք չկար: Այնուհետև համավարակը դարձավ խիստ վտանգավոր և հենց ինքը՝ Արսեն Թորոսյանը, խորհուրդ էր տալիս մնալ տանը: Սկզբում հայտարարվում էր, որ գնում ենք լավատեսական սցենարով: Այնուհետև մեզ հայտնեցին, որ եթե այսպես շարունակվի, կունենանք առողջապահական համակարգի կոլապս: Սկզբում հայտնում էին, որ թեստերի քանակը բավարար է, մեկ օր հետո՝ դրանք այլևս բավարար չէին: Սկզբում մեզ պետք էին ռապիդ թեստեր, հետո՝ դարձան անպիտան, այնուհետև՝ կրկին անհրաժեշտ: Ապրիլի 10-ին, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այնպիսի հայտարարություն արեց, որը կրկին հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Արսեն Թորոսյանն ասել է․ «Իհարկե ոչ, մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում է։ Առաջ, եթե մենք ունենում էինք օրինակ 50 դեպք, բայց մի աղբյուրից․․․մենք հիմա ունենում ենք՝ 16, 20, 30 դեպք, բայց 10 տարբեր աղբյուրներից կամ 20: Հետևաբար, վիրուսի շրջանառությունը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից»։ Այնինչ դրանից մեկ օր առաջ՝ ապրիլի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Վաղվանից մենք ցուցումով մարդկանց, մասնավորապես բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, ենթադրում եմ, այլ վիրուսային հիվանդություններ ունեցող քաղաքացիներին պարտադիր կթեստավորենք և դրա արդյունքներով ավելի ամբողջական պատկերացում կկազմենք մեր ընթացիկ իրավիճակի մասին: Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին և պարզ է մոտավորապես, թե ինչ է կատարվում»։ Համավարակով պայմանավորված՝ ընդլայնվել էին նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները: Սակայն, ինչպես երևում է, կառավարչական որոշումներ ընդունելու գործընթացը այստեղ էլ հալած յուղի պես չէր ընթանում: Լիազորություններն ընդլայնվելուն զագահեռ սկսեց աճել վարակվածների թիվը: Դրան գումարած, ինչպես ասում են՝ նեղ պահին, վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվեց տեսչական մարմնի պետի տեղակալը: ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը, սակայն, դիմել է ՀՀ վարչական դատարան' պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը եւ իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին: Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն և վճարելուն պարտավորեցնել: Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկել: Ինչպես երևում է, ինտրիգները և սկանդալներն այս փուլում տեսչական մարմնին ավելի բնոշոր էին, քան համակարգված և արդյունավետ աշխատանքը…
Թե՛ նախարարի, թե՛ տեսչության ղեկավարի զեկույցները վկայում են, որ պաշտոնյաներն իրենք էլ են ընդունում, որ սկզբնական շրջանում սովորական համարվող վարակը դուրս է եկել վերահսկողությունից և այժմ իրենք մի կողմ են քաշվելու՝ որդեգրելով՝ եթե վարակվեք, դուք եք մեղավոր սկզբունքը…