Քաղաքական կուսակցություններն արդեն սկսում են պատրաստվել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: ՀՀԿ-ն էլ՝ Տարոն Մարգարյանի հետ, պատրաստվում են այս ընտրություններին, այս անգամ՝ «Ավելի լավ Երևան» կարգախոսով:

Քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքը յուրաքանչյուր համայնք գնահատում է կոնկրետ իր տարածքում կատարված աշխատանքով:

Իսկ թե ինչպես կգնահատեն Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները, դա էլ արդեն ընտրություններից հետո կերևա: Անվերջ թվացող աղբը, որն իր գարշահոտությունն է տարածում շենքերի բակերում, քանդուքարափ եղած ճանապարհները, որ ամեն ընտրություններից ընտրություն կարկատվում են, մութ փողոցները, որ այդպես էլ միայն ցերեկն են լուսավոր լինում, զզվեցրել են տեղի բնակիչներին: Վերջերս թվացյալ մի լավ բան արեց Տարոն Մարգարյանը՝ 65 համարի ավտոբուսի գիծ բացվեց Շենգավիթում, բայց արի ու տես, ի տխրություն տեղի բնակիչների՝ 2 ամիս տևած ճոխությունը ևս մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Բնակիչները մնացին «կյանքից հոգնած» 49 համարի երթուղայինների հույսին, որը նստելուց առաջ պետք է աղոթես և հուսաս, որ կհասնես կենտրոն: Հավանաբար, սա էլ չի հեռացվում, քանի որ գծատերը Երվանդ Զախարյանն է. ինչպես մնացած ՀՀԿ-ականների դեպքում, վերջինիս դեպքում ևս գործում է մոնոպոլիայի չգրված օրենքը:

Ահա այս պայմաններում ապրող շենգավիթցիները ևս գնալու են ընտրության:

Շենգավիթ համայնքում Հանրապետական կուսակցությունը, դատելով ընտրողների աչքերի առջև կատարվածից, յուրահատուկ ձևով է նախապատրաստվում այս ընտրություններին:

Որոշ ժամանակ առաջ Ներքին Շենգավիթի «Գևորգ Չավուշ» համատիրության նախագահ Հասմիկ Ղազարյանն ապօրինաբար զավթեց 11-րդ փողոցում գտնվող մանկապարտեզին հարակից խաղադաշտը, կիսեց այն երկու հավասար մասի, ցանկապատեց զավթած տարածքը և շինարարություն սկսեց: Տեղի բնակիչներն անգամ տեղեկացված չէին, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ խաղադաշտին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղում կառուցվել է անճաշակ, գոմատիպ մի առանձնատուն, որը պատկանում է Հասմիկ Ղազարյանի ընտանիքին: Հավանաբար, սա էլ այդ կնոջ «հոնորարն» էր ընտրություններում կատարած զեղծարարությունների, արդյունքում՝ և ՀՀԿ-ի փայլուն հաղթանակի համար:

Lurer.com-ի թղթակիցը քիչ առաջ ֆիքսել է, թե ինչպես են իբր էտման աշխատանքներ կատարելուն զուգահեռ ապամոնտաժում նաև կտրված ծառերի շուրջը գտնվող երկաթյա ցանկապատը (այս ծառապատ հատվածը գտնվում է հենց 11-րդ փողոցի հարակից հատվածում՝ հիշյալ խաղադաշտի հարևանությամբ գտնվող շենքի հակադիր կողմում):

Էտում են կատարում, դա հասկացանք, անհասկանալի է մի բան՝ ինչո՞ւ են ապամոնտաժում նաև խաղադաշտն ընդգրկող երկաթյա ցանկապատը: Դա է՞լ է ՀՀԿ-ականների «գլուխգործոց» այդ ծրագրի բաղկացուցիչ մասը։

Հարցին, թե ինչ նպատակով է նման բարբարոսություն կատարվում, ապամոնտաժողները պատասխանել են, թե ինչքանով իրենք տեղյակ են, պարահրապարակ-խաղահրապարակ է կառուցվում: Թե ինչ պարահրապարակի կարիք կարող են ունենալ շենգավիթցիները՝ վերը նշված բազմաթիվ կենսական չլուծված խնդիրների առկայությամբ, անհայտ է, առավել ևս՝ թե ինչ պարա կամ խաղահրապարակ կարող է լինել հենց բնակարանների պատուհանների տակ: Ի վերջո, այդ կերպ կխախտվի բնակիչների անդորրը՝ համալրելով առկա բազում խնդիրների թիվը: Կարելի է ենթադրել, որ նորահայտ պարահրապարակի կառուցումից հետո «էտումներից» դեռ հրաշքով փրկված մեկ-երկու ծառերը ևս կոչնչանան, ու ևս մեկ խնդիր՝ բնակիչների համար: Ամբողջ ամռանը կերազեն գորշ ասֆալտից և էժանագին սղարաններից զատ գոնե մի կանաչ տերև տեսնել շրջակայքում: Իմիջիայլոց, բնապահպաններն էլ կարող են ինչ-որ կերպ արձագանքել այս խնդրին:

Հավանաբար, մեծանուն քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ին այս անգամ ևս պետք է վերոհիշյալ կնոջ անխոնջ աշխատանքը՝ առաջիկա՝ Երևանի ավագանու ընտրություններում ևս փայլուն արդյունք ստանալու համար:

Հ.Գ. Մենք հետևողական ենք լինելու խնդրին։

Ուշադրություն հրավիրենք նաև այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ օպերացիան կատարվում է շաբաթ օրով, երբ Քաղաքապետարանը չի աշխատում։ Իսկ կապվել Շենգավիթի թաղապետ Արմեն Սարգսյանի հետ մեզ չհաջողվեց։

Նելլի Ավետիսյան