Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ:

«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը:

Բենեթն այցելել է Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի գաղտնի լաբորատորիա, որտեղ նրան ներկայացրել են, թե ինչպես են աշխատում հակամարմինները, որոնք բացասական ազդեցություն ունեն կորոնավիրուսի վրա: Ներկայում իրականացվում է արտոնագրի գրանցում, որից հետո կսկսվի կոմերցիոն արտադրությունը: Ամեն դեպքում, պատվաստանյութի արտադրության կոնկերտ ժամկետներ չեն նշվել:

Ավելի վաղ Հոլանդիայում գիտնականները նույնպես հայտարարել էին, որ գտել են հակամարմիններ, որոնք կարող են հակազդել վարակի վրա: Աշխարհում ընդհանուր առմամբ 100 հետազոտական խումբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: