Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է եւ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Կայքը Գեւորգյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ է, որ Քյարամյանը 1 օրով նշանակվել, այնուհետեւ ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի կոչումը համապատասխանեցվի օրենսդրական չափանիշներին եւ նշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ։

«Հաշվի առնելով Քյարամյանի աշխատանքային գործունեությունը առավել նպատակահարմար է համարվել ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը։ Ամեն ինչ օրենսդրական կարգավորումների շրջանակում է»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019թ. ապրիլի 10-ին նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի տեղակալ, իսկ ապրիլի 25-ից կատարել էր ծառայության ղեկավարի պարտականությունները։ Երեկ նա ազատվել էր պաշտոնից եւ նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Արդեն այսօր նա ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ նախագահի հրամանագրով նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: