«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս նոր նախաձեռնություն է մշակվում, համաձայն որի, նախատեսվում է առաջիկայում շրջանառության մեջ դնել մի օրենսդրական փոփոխություն, որով ՀՀ վարչապետներին նույնպես լիազորությունների դադարելուց հետո պետության կողմից համապատասխան կարգով կհատկացվի առանձնատուն։ Գործող օրենքով Հայաստանի պաշտոնաթող նախագահներին պետության կողմից տրվում է առանձնատուն մայրաքաղաքում (սեփականության իրավունքով), ցմահ ծառայողական ավտոմեքենա, անվտանգություն և այլն: Հաշվի առնելով, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով փաստացի երկրի ղեկավարը ՀՀ վարչապետն է, տրամաբանական է համարվում, որ նրան էլ տրվեն վերոնշյալ հնարավորությունները: Ի դեպ, նման առաջարկ եղել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական փոփոխությունների շրջանակներում, սակայն այն ժամանակ ի վերջո հրաժարվել են այդ մտքից: Հաշվի առնելով, որ, ըստ մեր ստացած տեղեկության, նախագիծը մշակվում է կառավարությունում, դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին: Գևորգյանը նախ՝ ճշտեց, թե մեր տեղեկություններով՝ որտե՞ղ է նման նախագիծ մշակվում, ապա, լսելով մեր պատասխանը, թե՝ կառավարությունում, տվեց կարճ պատասխան՝ «ոչ»: