Օրեր առաջ Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Արմենակ Կյուրեղյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Եղիշե Պետրոսյանը և Տիգրան Խզմալյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, ըստ որի' նրանք ձևավորում են ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվում են հանուն ճգնաժամի հաղթահարման:

Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները: Նախաձեռնության հետագա անելիքների, գաղափարների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է նախաձեռնության անդամ, դիվանագետ Արա Պապյանի հետ:

«Նախաձեռնությունը կոչվում է Ազգային ժողովրդավարական բևեռ և մեր առաջին խնդիրը ազգային դաշտում համախմբում իրականացնելն է, ազգային կուսակցություններին միավորելը: Օրինակ՝ Դաշնակցություն կուսակցությունը վերջին տարիներին տեղի ունեցած ընտրություններում հետ մղվեց կուսակցության վերնախավի վարած սխալ քաղաքականության հետևանքով: Մենք նաև իրենց ասում ենք, որ ազգային դաշտը պարապ է մնացել, իսկ Հայաստանի նման երկրում չի կարող պատահել, որ ազգայինի մասին խոսող, ազգայինը պահող քաղաքական ուժ չլինի: Սրա մասին պետք է մտածեն մեր ազգային կուսակցությունները»,-ասում է Պապյանն ու պնդում՝ ազգային կուսակցությունները պետք է վերադառնան ակտիվ քաղաքականություն:

«Մենք պնդում ենք նաև, որ երկիրը պետք է լինի ժողովրդավարական, բայց իսկապես ու բառի ողջ իմաստով ժողովրդավարական: Օրինակ՝ 2018թ-ի դեկտեմբերի ընտրությունների մասին ես ասել եմ, որ դրանք ազատ ու թափանցիկ էին, բայց, վստահաբար, արդար չէին: Հեղափոխության ալիքի տակ, հին օրենքներով ու կեղծարարության հակում ունեցող օրենսգրքով ընտրությունն արդար համարել չի կարելի»:

Պապյանը նշում է, որ հիմա, իշխանություններն ընդունեն, թե՝ ոչ, ժողովրդի մոտ անցման փուլ է սկսվել:

«Տեղի է ունենում գաղափարական կոնսոլիդացիա, որովհետև «Իմ քայլը», որ եկավ իշխանության, որոշակի գաղափարների կրող չէր: «Իմ քայլը» հակասերժական, հակահհկական քվեների համախմբում էր: Ձայները, որ տրվում էին «Իմ քայլը»-ին, ոչ թե տրվում էին «Իմ քայլը»-ին, այլ տրվում էին Սերժի դեմ: Մարդիկ ասում էին՝ հիմա մեզ պետք ա Սերժին հանել, ՀՀԿ-ին հեռացնել, եկեք հիմա սենց անենք, հետոն կերեևա»,-այդ հետոն հիմա է, ասում է զրուցակիցս:

Նոր իշխանության գործելաոճին անդրադառնալով՝ Պապյանը նշում է, որ նրանք նախկիններից չեն տարբերվում Հայաստանի ինքնիշխանության հարցում:

«Որևէ լուրջ ծրագիր չի կարող Հայաստանում արդյունք տալ, քանի դեռ Հայաստանն ինքնիշխան չէ: Լավրով քեռին մատ է թափ տալիս, ու ասում է՝ գիտեք, էս երկաթուղիները ռուսական ընկերությանն են, հանկարծ թալանչիների վրա քրեական գործ չհարուցեք: Ինչպես կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ, երբ կոռուպցիան ամբողջ ոլորտն է՝ էներգետիկ համակարգով, գազով, երկաթուղիով...Նախ պետք է այս ոլորտներում ինքնիշխանության հասնել, հետո կոռուպցիան վերացնելու մասին խոսել: Փաշինյանը գազի գնի նվազում էր խոստանում, դե թող անի, իհարկե չի կարող անել»,- նշում է դիվանագետն ու պնդում, որ այս և մյուս բազմաթիվ խնդիրների տակ թաքնված է գործող իշխանության անհամագործակցային լինելը:

«Հայկական իրականության մեջ ամենաազգային ու պետականամետ ուժը «Սասնա ծռեր»-ի այս համախմբումն է: Բայց գրեթե վստահ եմ, որ իշխանությունները նույնիսկ քննարկման չեն գա այս բևեռի հետ: Վստահությունս երկու տարիների ընթացքում է հասունացել. իշխող ուժը որևէ մեկի հետ պատրաստ չէ համագործակցելու, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ տարբեր ոլորտներից մարդիկ, մասնագիտական խմբեր, գիտնականներ դիմել են համագործակցության համար, սակայն բոլոր դեպքերում ավարտը նույնն է եղել, ասել են՝ գրեք, տվեք, գրել, տվել են ու վերջ...Ու մենք այս ամենի ֆոնին ամեն օր տեսնում ենք իշխանության ոչ մասնագիտական որոշումները, որոնք նորանոր փորձությունների առաջ են կանգնեցնում մեզ»:

Մեր այն հարցին, թե ինչպես են վերաբերում սոցիալական ցանցերում տարածվող քննադատություններին, որոնցում նոր նախաձեռնության անդամներին մեղադրում են նոր աթոռակռիվ հասունացնելու մեջ, Պապյանը պատասխանեց,- «Քննադատություններին նորմալ եմ վերաբերում, ռաբիզ երաժշտությանը վարժված մարդուն ոնց ստիպես Բախի սիմֆոնիան լսի, բնականաբար կքննադատի, կասի՝ լավ չէր զուռնա, դհոլս: «Սասնա ծռեր»-ի ծրագրերը ամեն մարդ հո չի հասկանա, նրանք հազիվ հասկանան, երբ իրենց ասում են Լֆիկից ու Սերժից կխլենք հարստությունն ու քեզ կտանք: Աթոռակռվի մեջ մեզ մեղադրողներին էլ ուզում եմ ասել՝ այդ դեպքում Նիկոլի կռիվն էլ աթոռի համար էր: Ցանկացած քաղաքական ուժ առաջ է բերում քաղաքական օրակարգ և դա իրագործում իշխանության միջոցով: Աթոռը հնարավորությունն է՝ ծրագրերդ իրագործելու»:

Նախաձեռնության անդամները նշում են, որ ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց են սկսել: Փորձեցինք հասկանալ՝ որոնք են այդ առողջ ուժերը, և արդյոք այդ թվում կարող են լինել, օրինակ Հանրապետական կուսակցության անդամները:

«Մեր նախաձեռնությանը կարող են բոլորը միանալ, այդ թվում նաև այն ՀՀԿ-ականները, որոնք դեմ դուրս կգան Հայաստնում գաղութարար ուժի՝ Ռուսաստանի դեմ: Նման քայլի գնացողն էլ հանրապետական չի համարվի, այդ դեպքում կմտածենք համագործակցության մասին: Խոսքս էլ ամեն հանրապետականի մասին չի, ես խոսում եմ նրանց մասին, ում վրա հանցանքներ չկան ծանրացած, իսկ հանցագործները պետք է գնան նստեն»,-եզրափակեց Պապյանը: