«Ես վստահեցնում եմ, որ ոչ կառավարական առանձնատան տարածքում, ոչ էլ կառավարական ամառանոցում օղու թորման սարքավորում գոյություն չունի»,- այսօր համացանցում տարածված լուսանկարները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պարզել են, թե լուսանկարներն ինչպես և ում միջոցով են փոխանցվել ընդդիմադիրներին, մասնավորապես Նարեկ Սամսոնյանին, որին, ի դեպ, վարչապետի խոսնակն արձագանքեց. «Ես ընդդիմադիր Նարեկ Սամսոնյանի չեմ ճանաչում»,- նշեց նա: Ավելի վաղ, քաղաքական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրել․ «Այս նկարներն արված են կառավարական ամառանոցում, նկարում առկա սարքը օղի թորելու համար նախատեսված սարք է' հայերեն ասած' արաղ քաշելու սարք: Այն բերվել է կառավարական ամառանոց Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար: Չար լեզուներն ասում են, որ այս սարքը Նիկոլի ամենասիրած և իր կողմից ամենաշատ օգտագործվող «պետական գույքն» է»,- գրել էր նա: