Վիեննան ճանաչվել է որպես 2020թ․ աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր քաղաք: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարվել է Ավստրիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից՝ վկայակոչելով կանադա-ամերիկյան Resonance Consultancy խորհրդատվական գործակալության «Աշխարհի 2020թ․ 10 ամենականաչ քաղաքները» վարկանիշային աղյուսակը: Այն կազմվել է ապրիլի 22-ին՝ Երկրի օրվա կապակցությամբ:

Փորձագետները գնահատել են ավելի քան 100 քաղաքներ ինը չափանիշներով՝ կանաչ տարածքների մակերեսը, վերականգնվող աղբյուրներից սպառված էներգիայի քանակը, հասարակական տրանսպորտի օգտագործման հաճախականությունը, օդում ծանր մասնիկների խտությունը, մեկ շնչի հաշվով ջրի սպառումը, հետիոտնի համար մատչելիությունը, վերամշակման ծրագիրը, թափոնների կոմպոստացումը, ֆերմերային շուկաների քանակը։ Փորձագետները նշում են, որ Վիեննան, ի թիվս այլ բաների, ցույց է տվել լավագույն ցուցանիշները այգիների քանակի և հասարակական տրանսպորտի զարգացման առումով:

Վիեննայից հետո երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Մյունխենը և Բեռլինը: Նրանց հաջորդում են Մադրիդը (Իսպանիա), Սան Պաուլոն (Բրազիլիա), Մանչեսթերը (Միացյալ Թագավորություն), Լիսաբոնը (Պորտուգալիա), Սինգապուրը, Ամստերդամը (Նիդեռլանդներ) և Վաշինգտոնը (ԱՄՆ):