Կառավարությունն աղետի գոտու բնակիչների առաջ բնակարանային խնդիրներ գծով դե յուրե ունեցած պարտավարությունները ավարտին է հասցնում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով աղետի գոտու՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում 229 բնակարանի կառուցման համար 3 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը։

«Խոսքն այն ընտանիքների մասին է, որոնց նկատմամբ Հայաստանի կառավարությունը դե յուրե ուներ պարտավորություններ, բայց հասկանում ենք, որ խնդիրն ունի նաև այլ կողմեր։ Կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք չունեն նման կարգավիճակ, և սա չի նշանակում, թե հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Որոշմամբ նախատեսված է 3 մլրդ դրամ, որից 1 մլրդ 868 միլիոն դրամը Լոռու մարզի 162 ընտանիքի համար է, 988 միլիոն դրամը՝ Շիրակի մարզի 59 ընտանիքի, իսկ 143,4 միլիոն դրամ էլ՝ Արագածոտնի մարզի 8 ընտանիքի համար։