Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը:

Այն սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ, ըստ քրիստոնեական դավանանքի, մ.թ.ա. 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից: Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև, ըստ քրիստոնեական ուսմունքի, Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)[1]:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը: