Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց։ Մարուքյանն իր ելույթում քննադատեց իշխող խմբակցության պատգամավորներին, սրան տարբեր մեկնաբանություններով պատասխանեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Քաշքշուկը սկսվեց Սասուն Միքայելյանի արձագանքից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն իջավ ամբիոնից, իսկ նրան հարվածով դիմավորեց իմքայլական Միքայելյանը:

 
 

Կրքերը փոքր-ինչ հանդարտվելուց հետո, Մարուքյանը նշեց, որ իրեն թիկունքից հարվածել են: Ծեծկռտուքի ողջ ընթացքը ուղիղ եթերում ցուցադրող տեսագրություններից պարզ է դառնում, որ Մարուքյանին թիկունքից հարվածել են իմքայլական երկու պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Արտակ Մանուկյանը:

Վահե Ղալումյանը  լրագրողի հարցին ի պատասխան՝ ասում է, որ բռնության չի դիմել:

«Ես ստիպված եմ եղել բռնությունը կանխել, ես բռնության չեմ դիմել»:

Լրագրողի պնդմանը, թե տեսագրությամբ երևում է, որ Ղալումյանը հարվածում է Մարուքյանի գլխին, պատգամավորն արձագանքում է. «Ես չեմ հարվածում, գլխից քաշում եմ, որ Էդմոնը չհարվածի Սասունին»: 

Լրագրողի հարցին՝ հնարավոր է այս ամենի արդյունքում վայր դնեք մանդատը, պատգամավորը պատասխանեց. «Մարուքյանից հետո միայն»: