Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թեւեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։ Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թեւ կա։ Սակայն, թևերի միջև հակամարտությունով ներթիմային պայքարը չի սպառվում, առանձին պաշտոնյաներ էլ փորում են իրար տակ՝ սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ մոռանալով հեղափոխական սոլիդարության մասին: Օրինակ՝ 2018-ի ընտրությունների ժամանակ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում էր պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, եւ քանի որ հենց քաղաքապետն էր կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված էին միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցել էր «Իմ քայլը» դաշինքի մյուս թեկնածուների դժգոհությունը: 

 
 


Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն էլ պաշտպանում էր «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի վերջին թեկնածուին՝ Նարեկ Մկրտչյանին, որը «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է, սակայն կուսակցության ներսում էլ քչերն են ճանաչում․ նա տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է եւ ցուցակ էր ներգրավվել զուտ այն բանի համար, որ ՔՊ նախընտրական ցուցակը չսկսվի եւ չավարտվի «Փաշինյան» ազգանվամբ։ Իսկ փոխմարզպետ, փարաքարցի Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար, նա ՔՊ-ի հնաբնակներից է: Բացի այդ, մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան առ այն, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները: Վերջերս էլ Արմավիրի մարզպետը և քաղաքապետը առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: 

 


Հիշում ենք նաև Կոտայքի մարզպետի և Սասուն Միքայելյանի միջև վեճը, որի հիմնական պատճառը իշխանության գոտիների բաժանումն էր: 


Կառավարության քաղաքական հենարան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էլ խորհրդարանում պարբերաբար նեղն են գցում առողջապահության նախարարին: «Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանը, օրինակ, կոռուպցիայի բուն էր համարել Դեղերի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի՝ որոշ դեղեր կարող են գովազդվել պետական մակարդակով: Արսեն Թորոսյանը իր թիմակիցներին մեղադրել էր նախագծի էությունը խեղաթյուրելու մեջ եւ չէր թաքցրել վիրավորանքը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից: