Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն դարձել է 4 միլիոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 276 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 387 հազար 259 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 322 հազար 163 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 78 հազար 616 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 260 հազար 117 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 299:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 217 հազար 185 է: Վարակից մահացել է 30 հազար 201 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 211 հազար 364: Վարակի հետևանքով մահացել է 31 հազար 241 մարդ: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան շրջանցել է Իտալիային՝ Եվրոպայում դառնալով առաջինը, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածության թվով հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցեց Գերմանիային և Ֆրանսիային: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187 հազար 859-ի: Մահերի թիվը կազմում է 1723:

Վարակվածության թվով հաջորդ երկիրը Ֆրանսիան է, որտեղ գրանցվել է 176 հազար 079 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 230 մարդ: Գերմանիայում 170 հազար 588 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 510 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 146 հազար 894, վարակի հետևանքով մահացածներինը՝ 10 հազար 017: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 135 հազար 569-ի, մահացածներինը՝ 3 հազար 689-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 104 հազար 691 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 541 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 887 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 623-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 10 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: