Պարոն Փաշինյանի հետ ինչ-որ պայմանավորվել էինք, մեր ներքին պայմանավորվածությունն էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե 2018 թվականին ի՞նչ են պայմանավորվել ինքն ու Նիկոլ Փաշինյանը և ճիշտ է արդյոք այն, որ նա առաջարկել է Փաշինյանին, որպեսզի միասին գնան հրապարակ, սակայն Փաշինյանը պատասխանել է, որ նման բան հնարավոր չէ, քանի որ տպավորություն կստեղծվի, որ կուլիսային պայմանավորվածություններ են եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխարինելու համար։

Հարցին, թե հետևո՞ւմ է քաղաքական զարգացումներին և ինչպե՞ս է գնահատում երկրի վիճակը, Կարապետյանը պատասխանեց․ «Որոշակի առումով հետևում եմ, ոչ շատ համակարգված ձևով։ Ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ այս իրավիճակից կարողանա մինիմալ կորուստներով դուրս գա, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ է, բայց շատ հարցերում այս կառավարության հետ ես համակարծիք չեմ»։

Դիտարկմանը, թե ի՞նչն է կապում իրեն 2-րդ նախագահի հետ, որ նա միջնորդեց Քոչարյանի կալանքը փոխելու համար, Կարապետյանը պատասխանեց․ «Նախևառաջ ես, ինչպես շատերը շագահագրգռված եմ, որպեսզի Մարտի 1-ի դեպքերի հետ կապված բոլոր հարցերին տրվի պատասխան։ Ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը Արցախի Հանրապետության և ՀՀ-ի անկախության և կայունացման գործընթացում։ Գրեթե 2 տարի է այս դատական պրոցեսը տեղի է ունենում և շատ հավանական է, որ շատ երկար այն կարող է տևել, այդ պատճառով ես միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»։

Հարցին, թե Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում և արդյոք նա չի վախենում, որ նրա միջնորդելու քայլը մարդկանց կողմից բացասական արձագանքի կարժանանա, Կարապետյանը պատասխանեց․ «Բավականին քաղաքականացված և գրգռված պրոցես է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելու իրավունք ունի և որևիցե մեկը չի ասում անմեղացրեք մեղավորին, մենք ընդամենը ասում ենք նույն պրոցեսը արեք մեկ այլ կերպով՝ խափանման միջոցը փոխելով»։

Դիտարկմանը, թե նա առաջիկայում զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, Կարապետյանը բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ Կարապետյանը այսօր ԱԺ-ում մասնակցում էր Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին։