Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:

Նախաքննությունը շարունակվում է: