Վերջին շրջանում «Իմ Քայլի» մի շարք պատգամավորների մոտ ակտիվության պոռթկումներ են նկատվում, սակայն այդ պոռթկումները որպես կանոն ոչ թե օրենսդիր աշխատանքին են վերաբերվում՝ ինչի համար էլ պատգամավորները, ի դեպ, ստացել են իրենց մանդատները և դրանից հետո էլ ստանում են աստղաբաշխական պարգևավճարներ, այլ այդ ակտիվությունը հիմնականում ունի կինոյի տղան կամ աղջիկը երևալու վառ ընդգծված նպատակ: Դիցուք, ինչո՞վ են աչքի ընկել այն պատգամավորները, որոնց մենք հիշում ենք միայն ամբիոնի մոտ ունեցած վիրավորական ելույթներից, նախկին իշխանությունների վերաբերվող սկանդալային բացահայտումներից, անհիմն մեղադրանքներից: Այսօր ԱԺ-ում ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքն անբավարար էր գնահատել «Իմ Քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ Վաղարշակ Հակոբյանի ընտրողն էլ ունի բոլոր հիմնավոր պատճառները բավարարված չլինելու իր՝ որպես պատգամավորի աշխատանքից: Վերջինս իր պատգամավորական գործունեության ընթացքում բացակայել է 91 անգամ, տվել է 22 հարց և ունեցել 22 ելույթ: Ոչ պակաս պաթոսով պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ով պահանջում է իրեն միայն Դուք-ով դիմել, բացակայել է 106 անգամ, տվել 3 հարց, ունեցել 26 ելույթ: Վերջերս Չակ Նորիսի դերում իրեն փորձած պատգամավոր Վահե Ղալումյանը բացակայել է 27 անգամ, տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: 

 
 

Վահե Ղալումյանը ռեյտինգային ընտրակարգով ստացել էր 8985 քվե, Մխիթար Հայրապետյանը՝ 6257 ձայն, Վաղարշակ Հակոբյանը՝ 4.033 ձայն: Թերևս հենց այսքան մարդ էլ այսօր վստահորեն կարող է հայտարարել, որ բավարարված չէ այն պատգամավորների աշխատանքից, որոնց քվե է տվել և գործուղել խորհրդարան՝ միլիոնների հասնող պարգևավճարներ ստանալու: