«Հրապարակ» թերթը գրում է. Անցած տարի աշխատանքից ազատվեց Երեւանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որն իջեւանցի է եւ պաշտոնի էր նշանակվել Սիփան Փաշինյանի միջնորդությամբ, կոմունալի պետի քրոջ որդին հաղթում էր աղբամանների մրցույթում, իսկ հանձնաժողովի նախագահն ինքն էր՝ աղմուկ բարձրացավ, Հայկ Մարությանը հրաժարական պարտադրեց, սակայն այսօր կրկին սկանդալ է հասունանում աղբամանների հետ կապված։ Ի՞նչ է կատարվում՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին։ «Խնդիրն առնչվում է աղբամանների վերջին խմբաքանակին, որը պետք է ընդունվեր փետրվար ամսին, սակայն հանձնում-ընդունումը ձգվել է մինչեւ այսօր»: Ճի՞շտ է, որ եկած խմբաքանակը չի համապատասխանել կանխավ նշված տեխնիկական բնութագրերին։ «Մենք եւս նման տեղեկություն ունենք, մանավանդ, որ դրանց ստացումից հետո հայտարարվել է նոր մրցույթ' փոխված տեխնիկական բնութագրերով, ապաեւ' նախկին մրցույթը շահած կողմը վիճարկում է այդ փոփոխությունները եւ մտել է գնումների բողոքարկման խորհուրդ' ընդդեմ քաղաքապետարանի, եւ վիճարկում է մրցույթի օրինականությունը»: Ասում են' այս անգամ մրցույթը հաղթել է քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանի «մարդը»։ «Կդժվարանամ ասել' այդպե՞ս է, թե՞ ոչ. հատկանշական է, սակայն, որ մրցույթ, որպես այդպիսին, չկա, մատակարար կազմակերպությունները տարբեր են, արտադրողը' նույնպես։ Այսինքն' բերվում է նույն ապրանքը, չկա նաեւ գնային տարբերություն՝ շատ մոտ թվեր են»: