ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր անդրադարձավ օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, որին նախորդել էր իր ելույթը կառավարության ծրագրի վերաբերյալ: Պատգամավորն ասել էր, որ բութ կամ սրիկա են նրանք, ովքեր խեղաթյուրում են վարչապետի խոսքերը, թե կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են մարդիկ, որոնք բանկերում մի քանի միլիոն ավանդ ունեն, ու սոցցանցերում գրում են, թե՝ ժողովո՛ւրդ, ձեր բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, ձեզ հետևում են:

«Իրավիճակը խեղաթյուրողներ են նրանք, ովքեր շատ լավ հասկանալով, թե կառավարությանը որտեղից այդ ինֆորմացիան, չեն դադարում քննադատել, ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ Հայաստանում բանկային գաղտնիքը պահված չէ: Շատ դեպքերում, մարդիկ չեն տիրապետում այդ գործընթացին, և հնարավոր է, որ կասկածներ առաջանան, սակայն մեծամասամբ հայտարարություններն արվել են այնպիսի մարդկանց կողմից, որոնք գիտեն՝ ինչպես կարելի է առանց օրենք խախտելու ստանալ այդ տեղեկությունը»,- նշում է Թունյանը և հավելում, որ այդ մարդիկ տպավորություն են ստեղծում, թե իշխանությունը զբաղված է բանկային գաղտնիքի մասին օրենքը խախտելով:

Պատգամավորը բացատրեց, թե ինչպես կարող է կառավարությունը կամ թեկուզ լրագրողը իմանալ, թե քանի հոգի ունի, օրինակ, քսան մլն դրամի ավանդ:

«Բանկերից հարցման միջոցով կարելի է ստանալ այդ թիվն ընդհանրացված, այսինքն՝ այսքան մարդ ունի այդ չափով ավանդ, և ոչ թե անուն առ անուն: Այսինքն նույնականացման հարց չկա: Սա բանկային գաղտնիք չի կարող լինել, ընդհակառակը՝ սա կարևոր ինֆորմացիա է պետության համար՝ ճիշտ ռազմավարություն ընտրելու հարցում»,- նշեց պատգամավորը:

Թունյանը պարզաբանեց, որ իր կոշտ հայտարարությունը վերաբերել ու վերաբերում է այն մարդկանց, ովքեր լավ տիրապետում են գործընթացներին և շարունակում են քննադատել, և ոչ թե այն հայրենակիցներին, որոնք ուղղակի այդպես են կարծում:

«Հավանաբար քաղաքական փորձառությունս բավարար չէր, որ խոսքս այնպես ձևակերպեի, որ տարընթերցումների տեղիք չտար: Առիթից օգտվեցին նրանք, ում իսկապես ուղղված էր խոսքս, և ասածս նրանք ուղղորդեցին հասարակության բոլոր անդամներին: Իսկ այն մարդիկ, ովքեր իմ խոսքերն ընկալել են այնպես, ինչպես մեկնաբանել են որոշ մարդիկ, ես նրանցից ներողություն եմ խնդրում իմ՝ տարընթերցման առիթ տված խոսքերի համար»,-ասաց պատգամավորն ու խոստացավ, որ այլևս չի մասնակցելու այնպիսի խոսակցությունների, որոնք կառուցողական ու արդյունավետ չեն և անիմաստ ժամանակ են խլում:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և իշխող իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Այդ ամենը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը փորձում էր արձագանքել «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթին: Տեղից միջամտեց Սասուն Միքայելյանը, որին հետևեց արդեն ծեծկռտուքը: