Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Կարլեն Կարապետյանը սիրած աղջկանից մերժում ստանալուց հետո ընկերներին խաբել է, թե աղջիկն էլ իրեն է սիրում եւ խնդրել, որ փախցնեն: Արմավիրի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

25-ամյա Կարլեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց նախնական համաձայնության, իր ընկերներ Գ. Ս-ի, Թ. Փ-ի եւ Ս. Մ-ի հետ, համագյուղացի Լ.Ս-ի տան մոտ, նրա նկատմամբ գործադրելով ֆիզիկական բռնություն եւ հաղթահարելով վերջինիս դիմադրությունը բացահայտ առեւանգել են: Թ.Փ-ի վարած ավտոմեքենայով տեղափոխել նախ Մասիս քաղաք, ապա Երեւան քաղաքի' Կարլեն Կարապետյանի հարազատներից մեկի տուն: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի կողմից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է' գործուն զղջալու հիմքով: Կարլեն Կարապետյանը պատմել է, որ դեռեւս դպրոցական տարիներից համակրել է համադասարանցի Լ. Ս-ին, հետագայում նաեւ սիրո եւ ամուսնության առաջարկություն է արել նրան: Ու թեեւ այդ թեմայով Լ. Ս-ը մի քանի անգամ հանդիպել եւ խոսել է Կարլեն Կարապետյանի հետ, սակայն այլեւս չի ցանկացել նրա հետ շփվել եւ չնայած դրան նույնիսկ դպրոցն ավարտելուց եւ բանակից զորացրվելուց հետո Կարլեն Կարապետյանը, Լ. Ս-ին տեսնելով եւ առիթը բաց չթողնելով, փորձել է համոզել, որ Լ. Ս-ն իր հետ ընկերություն անի: Դրանից հետո Կարլեն Կարապետյանը, չհամակերպվելով այն մտքի հետ, որ Լ. Ս-նն իրեն չի սիրում, իր ընկերներին խաբելով հայտնել է, որ Լ. Ս-նն իրեն սիրում է ու համաձայն է իր հետ ամուսնանալ, սակայն, քանի որ նրա մայրը դեմ է իրենց միությանը, այդ պատճառով էլ որոշել են ամուսնության նպատակով փախչել:

Քննելով գործը դատարանը վճռել է Կարլեն Կարապետյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով: