ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակն անցել է երրորդ փուլին, դեպքերի տարածման ընդլայնման հետ կապված՝ վերջին օրերի ընթացքում, ցավոք, լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում հայտնաբերել աղբյուրը, թե անձն ումից է վարակվել: Նա պարզաբանեց, թե դա ինչ է նշանակում համաճարակաբանական առումով: Հաճախ չհասկանալով կամ չհայտնաբերելով, թե վարակի աղբյուրը ով է եղել՝ հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետորեն՝ հայտնաբերելով աղբյուրը, կոնտակտավորներին և նրանց մեկուսացնելով:

Ինչպես գիտենք, մեկ ամիս առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն աղմակահարույց նախագիծ էր բերել ԱԺ և այնքան էր համոզել հայրենի երեսփոխաններին, որ տեղորոշման ծրագրով հնարավոր կլինի գտնել բոլոր կոնտակտավորներին, բացահայտել մինչև վերջին պոտենցիալ վարակվածին, որ հայրենի երեսփոխանները այլ տարբերակ չունեին՝ քվեարկեցին սեփական քաղաքացիներին հետևելու և գաղտնալսելու օգտին:

Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ծրագիրն այնքան էլ լավ չի աշխատում և չի արդարացնում սպասելիքները. կոնտակտավորներին գտնելու առումով առկա են դժվարություններ: Հետևաբար առողջապահության փոխնախարարը կամա թե ակամա բացահայտում է Բադասյանի բլեֆը, հակառակ դեպքում՝ եթե տեղորոշման հետ խնդիրներ չլինեին, ի՞նչն էր խանգարելու գտնել վարակի աղբյուրը: Ի վերջո ծրագիրը միտված էր հենց այդ խնդիրը ավելի դյուրին լուծելուն և ոչ թե սեփական քաղաքացիներին քաղաքական նպատակներով գաղտնալսելուն, կամ էլ հպարտ քաղաքացիները հերթական անգամ մի բան այնպես չեն հասկացել…