ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը:

«Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Մի քանի օր առաջ մենք միջնորդություն էինք ներկայացրել, որը քննիչը մերժել էր»,-ասաց փաստաբանը:

Մելիքյանը նշեց, որ որոշումն աբսուրդային է. «Այս գործը վստահաբար արդարացման է գնալու, այլընտրանք չկա»:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելը։ ԲԴԽ որոշմամբ՝ նրա լիազորությունները կասեցվել էին։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն էր և որոշում էր կայացրել ազատ արձակել Քոչարյանին՝ հիմք ընդունելով Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։