«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո նա նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում: Նախ նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաև ՀՔԾ-ի լուծարում և բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեին, սակայն վերջին պահին փոշմանել են և որոշել են կառույցը պահպանել՝ սակայն փոքր լիազորություններով: Իսկ ահա, նոր ստեղծվելից Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, և Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Սասուն Խաչատրյանը 2021 թվականին կստանձնի հենց այս կոմիտեի նախագահի պաշտոնը: Մեկնաբանության համար դիմեցինք ՀՔԾ, սակայն այնտեղից նշեցին. «Բամբասանքները չենք ցանկանում մեկնաբանել»: