Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր կրկնում, որ խորհրդարանական մեծամասնությունը, ասել է թե՝ ՀՀԿ-ն և կառավարությունը, քաղաքացիներին ընդունում են որպես տուգանքի մատերիալ, իսկ երբ մի լուսավոր օր ինքը գա իշխանության, ապա քաղաքացիները ապրելու են մի երկրում, որտեղ միանշանակ տուգանքի մատերիալ չեն դիտվելու, ավելին՝ ՀՀԿ նշանակած ապօրինի տույժ-տուգանքները Փաշինյանը պատրաստվում էր ներել: Լուսավոր օրը, ինչպես ասում են, եկավ, այն էլ ոչ թե երեկ, այլ մոտ երկու տարի առաջ, դրանից հետո, սակայն, քաղաքացու՝ ինքն իրեն տուգանքի մատերիալ ընկալելու և զգալու հարցում առանձնապես լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, այն պարզ պատճառով, որ հեղափոխական ԱԺ-ն խփեց հպարտ քաղաքացիներն տուգանելու բոլոր հնարավոր և անհնարին ռեկորդները, կամ այլ կերպ ասած՝ խփեց քաղաքացիների գրպանին:

 
 
 
 

ՀՀԿ օրոք նույնպես եղել են նմանատիպ օրենքներ, օրենքի նախագծեր, որոնք ռեզոնանսային են եղել և քննադատվել են հանրության, ընդդիմության կողմից: Դիցուք՝ դատական օրենսգրքի այն կետը, որը դատավորին թույլ էր տալիս փաստաբանի հանդեպ որպես սանկցիա կիրառել մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանք: Ընդ որում, այն ժամանակվա իրավակարգավորումներով չի թույլատրվում փաստաբանի կամ դատախազի հանդեպ տուգանք կիրառել: Մեկ այլ նախագծով սահմանվել էր, օրինակ, որ Կարմիր գրքում գրանցված բույսերից 1 կգ ապօրինի հավաքելու համար քաղաքացիները պետք է վճարեն 10- 20 հազար դրամ: Բանակից խուսափածների համար, ովքեր ցանկություն կհայտներին վերադառնալ Հայաստան, սահմանվում էր 3,600,000 դրամ տուգանք: 


Ինչ է կատարվում այս իշխանությունների օրոք: Թերևս նույնը: Օրերս հայտնի դարձավ ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։ Քաղաքացիներին կտուգանեն նաև բաց տարածքում դիմակ չկրելու համար: Վարորդներին կտուգանեն՝ բալային համակարգով: Հանրային վայրում ծխելու համար սահմանվել է տուգանք: Առանց թույլտվության հրավառություն կազմակերպելը նույնպես այսուհետ տուգանվելու է: Մեկ համարանիշով երթևեկելը նույնպես տուգանվում է Նոր Հայաստանում, աղբը այրելը կարող է քաղաքացու վրա մինչև 800 հազար նստել: Առանց կատալիզատորի մեքենա վարողները նույնպես տուգանքի մատերիալ են դարձել: Եվ այս ամենը արվում է մի իշխանության կողմից, որը ժամանակին աղաղակում էր, որ ժողովրդի օդերը փակել չի կարելի, որ անհրաժեշտ է քաղաքացիների համար արժանապատիվ կեցության պայմաններ ապահովել: Թվարկածից դժվար չէ հասկանալ, թե որ գումարման ԱԺ-ն էր առավել հակված քաղաքացիներին որպես տուգանքի մատերիալ դիտարկելու…