Այսօր ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ կառավարության առջևից բերման է ենթարկվել 6 անձ։ Բացի այդ, շուրջ մեկ տասնյակից ավել անձ էլ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունքի մոտակայքից, նրանք Ադեկվադ միաբանության անդամներ էին, ինչպես նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկման պատճառը պարետի որոշումը խախտելն է, ասել է թե՝ հավաքվածները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ անգամ ակտիվիստներին բերման ենթարկող ոստիկաններն անչափ հեռու էին պարետի որոշումները պահպանելուց. չէին կրում դիմակներ և ձեռնոցներ: Սա միակ օրինակը չէ այն ընտրովի արդարադատության, որին այսօր ականատես ենք լինում: ԱԺ հանձնաժողովների նիստերը վերջին օրերին գրավել էին հանրության ուշադրությունն այն պատճառով, որ հավաքվածները, մեղմ ասած, իրար քիթ էին մտած, ավելին՝ չէին կրում պաշտպանիչ դիմակներ: ՃՈ շենքի մոտ վերջին օրերի կուտակումները, որոնք ակնհայտորեն պարետի որոշման խախտում էին, նույնպես նման կոշտ հակազդեցության չարժանացան: ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծ ու ջարդի մասին էլ կարելի է չհիշտակել, բոլորն են հիշում: Եվ այս բոլոր օրինակները պարետի որոշման խախտումներ են, որոնք, սակայն, որևէ ուշադրության չեն արժանացել իրավապահ մարմինների կողմից:  Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ ԱԴ ռեժիմի երկարաձգումը Նիկոլ Փաշինյանի համար հետապնդում է մեկ գերնպատակ. այն է՝ ամեն գնով ճնշել ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, ուժերի հավանական ելույթները: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին այն բանի մեջ, որ վերջինս մշտապես շահարկում է «պատերազմական երկիր» լինելու հանգամանքը՝ մեսիջ հղելով հանրությանը, որ պետք չէ դուրս գալ փողոց և ապակայունացնել իրավիճակը: Այն ժամանակ Փաշինյանը վստահ էր, որ անկախ իրավիճակից՝ քաղաքացիներն ունեն ազատություններ, որոնք պետք է իրականացնեն: Այսօր Փաշինյանի պատերազմական երկրի կոնցեպցիան արտակարգ դրությունն է, որը, ինչպես տեսնում ենք վարակի տարածման տեմպերից, ծառայում է միայն իշխանությունների օրվա խնդիրների լուծմանը…