ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թարմացրել է իր ուղեցույցները և հայտնել, որ կորոնավիրուսը «հեշտությամբ չի փոխանցվում» մակերեսներին կամ առարկաներին դիպչելիս:

Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ ավելի վաղ գործակալությունը նշում էր, որ ախտահարված մակերեսներից հնարավոր է վարակվել COVID-19-ով: Միևնույն ժամանակ, գործակալությունը նախազգուշացնում է, որ մարդիկ պետք է զգույշ լինեն, մինչ գիտնականները փորձում են ավելի շատ բան բացահայտել վիրուսի տարածման մասին:

«Հնարավոր է, որ մարդը վարակվի COVID-19-ով, եթե դիպչի որևէ մակերեսի կամ առարկայի, որի վրա առկա է վիրուս, այնուհետև ձեռք տա իր բերանին, քթին կամ աչքերին: Սա չի համարվում վիրուսի տարածման հիմնական եղանակը, սակայն մենք դեռ ավելի շատ բաներ ենք սովորում վիրուսի մասին»,- նշված է գործակալության էջում:

Կորոնավիրուսի տարածման «քիչ հավանական» եղանակներից նշվում է նաև կենդանուց մարդուն, մարդուց կենդանուն փոխանցման տարբերակը: Ըստ պարբերականի՝ նման դեպքեր գրանցվել են, սակայն դրանց թիվն այնքան էլ մեծ չէ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը շարունակում է նախազգուշացնել, որ կորոնավիրուսը շատ հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդուն: Այն շատ ավելի արագ է տարածվում, քան հարբուխը, բայց ոչ այնքան արագ, քան կարմրուկը:

Ի դեպ, ի տարբերություն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ մարդը կարող է վարակվել՝ դիպչելով ախտահարված մակերեսի կամ առարկայի, այնուհետև ձեռք տալով դեմքին: Այդ պատճառով հարկավոր է պարբերաբար օճառով լվանալ ձեռքերը կամ մաքրել դրանք ալկոհոլային հիմքով ախտանիչ նյութով: