ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատանում, փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Մենք խոշտանգման վերաբերյալ գրություն ենք ուղարկել ՄԻՊ-ին՝ խնդրանքով, որպեսզի դադարեցվի այդ խոշտանգումը: Գրիգորյանին թույլ չեն տալիս մեկնել Ֆրանսիա՝ բուժօգնություն ստանալու համար, թեպետ, արդեն կան կանոնավոր չվերթներ»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ այսօր ՄԻՊ-ն արդեն արձագանքել է իրենց նամակին. «Ինձ հետ կապ են հաստատել գրասենյակից և խնդրել տրամադրել լրացուցիչ փաստաթղթեր, նամակագրություն, որը ունեցել ենք Առողջապահության նախարարության հետ, ինչպես նաև մեր միջնորդությունները և դատարանի որոշումը: Ես կարծում եմ համալիր ուսումնասիրություն է տեղի ունենում, և մեծ հույսեր եմ կապում ՄԻՊ-ի արձագանքի հետ»:

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ Գրիգորյանը կորցրել է շարժողականությունը. «Հաշմանդամություն ունեցող անձ է դարձել։ Նա սրտային անբավարարության խնդիր չի ունեցել, բայց հիմա վիճակը շատ է լրջացել: Գրիգորյանը դեռ 2000-ականների սկզբից է արտերկրում բուժում ստացել, ինչի արդյունքում՝ հնարավոր է եղել երկարաձգել նրա կյանքը»: