Լոռու մարզում, մայիսի 24-ին, կրակոցներ են հնչել. ժամը 23։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 77/2 հասցեի մոտ կրակոցներ են հնչում։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ժամը 23։30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի 77 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ՝ 40-ամյա Լիանա Ա-ն իր բնակարանում լսել է ուժեղ պայթյունի ձայն, որից հետո հնչել են կրակոցներ, այնուհետև խոհանոցում՝ պատուհանի հարևանությամբ, նկատել է՝ պատը՝ միջանցիկ ծակված և գետնին թափված պատի քանդված քարի փշուրներ։

Տեղում աշխատել են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, որոնք նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել են մետաղյա դետալ, իսկ Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի հետնամասում՝ 1 հատ պարկուճ։

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ալեքսանյանի կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։