Պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 25-ին, նոր որոշում է ստորագրել կապված դիմակների կրման հետ։ Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:

Պարտադիր կդառնա դիմակի կրում և հաճախորդների և վաճառողների համար։ Կանոնը տարածվում է առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի) վրա:

Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:

Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ:

Պարտադիր է դառնում կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:

Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով պետք է կրեն դիմակ։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին: