Թուրքիայում մայիսի 25-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 29 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 21 հազար 492 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 987 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 29 դեպք, իսկ ապաքինման 1321 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների' Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 120 հազար 15 մարդ, իսկ 756 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 157 հազար 814, իսկ մահվան 4369 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1 միլիոն 853 հազար 754-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով' կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։