Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում քաղաքացիներից կրկին պահանջեց պահպանել պարետատան սահմանած կանոնները, հակառակ դեպքում նրանց սպասվում են «դրակոնյան» տուգանքներ: Ուշագրավը, սակայն, այն է, որ պարետի սահմանած կանոնները պահպանելու առաջամարտիկ չես անվանի հենց Փաշինյանի թիմակիցներին, սակայն վերջիններս, կարծես թե, արտոնյալ են, նրանց կողքով են անցնում ինչպես  «դրակոնյան» տուգանքները, այնպես էլ համապատասխան կարգապահական պատիժը: Դիցուք՝ շաբաթներ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոլորիս խորհուրդ տվեց պաշտպանիչ դիմակներ կրել անգամ բաց տարածքներում՝ սրճարաններում, այգիներում: Սակայն դրանից մի քանի ժամ անց քաղաքացիներից մեկի տեսախցիկը ֆիքսել էր նախարարին սրճարանում՝ առանց դիմակի: Ինչպես երևում է՝ Թորոսյանը չի հետևում անգամ իր իսկ տված խորհուրդներին:

 

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պարետատան սահմանված կանոններից իրենց վեր են դասել երկու իմքայլական պատգամավորներ՝ Վաղարշակ Հակոբյանը և Արամ Խաչատրյանը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նիստը վարում է դիմակը կզակին դրած։

 

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պարզ երևում է, որ պաշտպանիչ միջոցներ չեն կրում իմքայլական պատգամավորներն ու նրանց օգնականները:

 

Էջմիածնի քաղաքապետարանում Դիաննա Գասպարյանը նույնպես հետամուտ չի լինում, որպեսզի նիստերի ընթացքում ավագանու անդամները պահպանեն Պարետի սահմանած կանոնները: Դիցուք՝ քաղաքապետարանի վերջին նիստի ընթացքում, որը կայացել է ընդամենը օրեր առաջ՝ ավագանու առնվազն երեք անդամ դիմակ չեն կրում:

 Նրանցից հետ չի մնում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ իր տեղակալներով և վարչության անդամներով: Վերջիններս ժանտախտի օրերին խնջույք են կազմակերպում՝ մոռանալով իրենց քաղաքական լիդերի կոչերի և պարետի սահմանած կանոնների մասին:

 

Խնջույքների մասին համացանցում անչափ մեծ ռեզոնանս առաջացրեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո ֆուրշետի ժամանակ արված լուսանկարը:

 

ԱԺ նիստերի դահլիճից դուրս պարետի սահմանած նորմերի մասին են մոռանում նաև պատգամավորները, ովքեր խորհրդարանի միջանցքներում շրջում են առանց դիմակի:

Երևանի փոխքաղաքապետերը և քաղաքապետի մամուլի խոսնակը նույնպես խախտել են պարետի սահմանած կանոնները, այդ հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել անգամ ասուլիսին ներկա լրագրողները, սակայն պաշտոնյաները որևէ տույժ տուգանքի այդպես էլ չեն ենթարկվել:

 

Նմանատիպ խախտում են թույլ տվել նաև էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանը և Արման Խոջոյանը:

 

Վերը նշված և ոչ մի դրվագով պաշտոնյաները չեն տուգանվել և չեն կանչվել պատասխանատվության, չնայած այն հանգամանքին, որ ակնհայտորեն չեն հետևել պարետի սահմանած կանոններին և իրենց քաղաքական լիդերի կոչ-հորդորներին, ինչպես նաև՝ անձնական օրինակ ծառայելուն: Փաշինյանի թիմակիցները շարունակում են օրենք խախտել և մնալ անպատիժ, իսկ օրենքի ողջ խստությունը իրենց վրա զգում են միայն շարքային քաղաքացիները, ովքեր ստիպված են առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակում գտնվելու հետ մեկտեղ հավելյալ ծախսեր կատարել, օրը 3-4 դիմակ գնել և սրբորեն պահպանել պարետատան հրահանգները՝ էլ ավելի մեծ ծախսերի տակ չընկնելու և տուգանքի մատերիալ չդառնալու համար: Օրենքի երկակի ստանդարտները այս հարցում՝ ավելի քան ակնհայտ են...