Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ևս կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի
հետ զրույցում ասաց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը:

«Վարակի առաջին դեպքը մոտ մեկ շաբաթ առաջ է գրանցվել: Այս պահի դրությամբ հաստատված դեպքերը 10-ն են, բայց, կարծում եմ, որ կավելանան, քանի որ շատերին թեստավորել են, սպասում ենք պատասխաններին: Վարակի աղբյուրը մեկը չէ: Համայնքից գնացել են Արարատյան դաշտավայր՝ թաղման, երևի այդտեղ են վարակվել»,- հայտնեց համայնքապետը։

Նա նշեց, որ զարմանալի զուգադիպությամբ մեկ-երկուսն են, որ նույն ընտանիքի անդամներ են. «Հիմնականում առանձին դեպքեր են: Նույնիսկ այդ մարդիկ թաղամասի տարբեր ծայրերում են ապրում: Հետաքրքիր է նաև, որ հիմնականում վարակվել են տան գլխավորները»:

Գրիգորյանի խոսքով՝ այս պահին փորձ է արվում ճշտել վարակակիրների շփման շրջանակը:

Համայնքապետը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված բնակիչների մի մասին տեղափոխել են Երևան, մյուսներին՝ Արտաշատ։