«Հրապարակ» թերթը գրում է. «Ուշադիր ուսումնասիրում ենք ՊԵԿ-ի թափուր պաշտոնները զբաղեցնելու ցուցակները ու հետաքրքիր անուններ ենք գտնում: Մայիսին թափուր պաշտոնների հավակնորդների թվում գտել էինք ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մրցույթի 37 մասնակիցներից ՊԵԿ հանձնաժողովը հենց պատգամավորի որդուն էր արժանի համարել «Զվարթնոցում» մաքսավոր աշխատելու համար: Այս անգամ էլ, ուշադիր զննելով հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մրցույթի ընթացքը, նկատեցինք, որ Նոր Նորքի բաժնում ավագ տեսուչ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին՝ Ասքանազ Վարդապետյանը: Լավ է, իհարկե, որ «սեւերի» զավակներն էլ են կարողանում մեր հեղափոխական ժամանակներում հարկայինի տեսուչի պաշտոնին տեղավորվել: Բայց հարցն այն է, որ Ասքանազ Վարդապետյանն այնքան էլ պատշաճ վարքով չի առանձնանում: 2018 թվականի օգոստոսին նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդ էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր խեղճ վարորդի «Opel»-ի հայելիներն ու դուռը: «Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- այն ժամանակ հայտնել էր ոստիկանությունը: Թե ինչ եղավ հետո՝ իրավապահները լռում են: Հավանաբար, վարորդը չի բողոքել, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում»: