ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում չեն պահպանվում հակահամաճարակային նորմերը: Մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքում մարդիկ մասսայական դիմակ չեն կրում, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը:
«Անգամ հսկող ոստիկաններ չկան, քաղաքում կարգ ու կանոն չկա, այնպիսի տպավորություն է՝ ասես ոչինչ չի եղել: Անձամբ ես դիմակով եմ տանից դուրս գալիս՝ այն էլ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երեխաներս բակ չեն գնում խաղալու, բայց ինձ պես մարդիկ շատ քիչ են»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ անգամ կան մարդիկ, որոնց ցուցված է ինքնամեկուսանալ, սական նրանք այդ կանոնը չեն պահպանում. «Դե փոքր թաղամաս է, մարդիկ իրար ճանաչում են: Տեսնում ենք մարդկանց, ովքեր պետք է ինքնամեկուսացած լինեն՝ գնում են բակ, խանութ»:
Նա նշեց, որ «Գլորիա» արտադրամասում է աշխատում, որը, սակայն, փակ է. «Մեր արտադրամասում վիրուսը տարածվեց, թեպետ սանիտարական բոլոր պայմանները պահպանում էինք: Բայց խնդիրն այն է, որ այդ արտադրամասը փակելով՝ ոչինչ չի լուծվում, եթե մարդիկ շարունակում են առանց դիմակի շրջել կամ դուրս գալ տանից, երբ կոնտակտավոր են և իրենց ցուցված է ինքնամեկուսանալ»:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ արտադրամասի բոլոր աշխատակիցները չէ, որ թեստավորվել են: