Վրաստանում թթվածնային խտացուցիչների գնման գործընթացը շարունակվում է: «Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությանը նորանոր մասնակիցներ են ավելանում: Վրաստանից գնված արհեստական շնչառություն ապահովող սարքերի թիվը հասել է 50-ի, գրում է aliq.ge-ն:

Ըստ աղբյուրի՝ ևս 23 սարք է գնվել, որից 12-ը Լյուքսեմբուրգի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների ֆինանսական աջակցությամբ: Նրանք ցանկացել են անհայտ մնալ: 8 շնչառական սարք գնվել է «Caritas Georgia»-ի կողմից: Մեկական սարք ձեռք է բերվել Բելգիայի մի քանի հայերի, Ջավախքում գործող «Jnews» լրատվականի և ջավախահայ գործարար, «Vlad» խանութի սեփականատեր Վարդան Սաակյանի աջակցությամբ:

Աղբյուրը նաև նշում է, որ կոնցենտրատորների խմբաքանակը Թբիլսիում սպառվել է, այս պահին սարքերի մի մասը ձեռք է բերվել Քութայիսիից, մյուսը՝ Մցխեթայից: Շարունակում ենք փնտրել սարքեր պատվիրելու ու դրանք գնելու տարբերակներ: Նոր ձեռք բերված սարքերը նախկինների նման, սահմանին կփոխանցվեն Հայաստան համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ 2 օր առաջ 27 շնչառական սարք է ուղարկվել Հայաստան: Նույն օրը նաև 3000 դիմակ է ուղարկվել՝ թբիլիսահայ գործարարներից մեկի կողմից:

Զուգահեռ ընթացքի մեջ է նաև «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքը: GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող' Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար: