Hraparak.am-ի տեղեկություններով՝  Ծառուկյանի տան խուզարկության սանկցիայի համար ԱԱԾ-ն դատարան է մտել այս գիշեր՝ ժամը 2-ից հետո։ Ամեն ինչ արել են, որ օպերացիան գաղտնի լինի՝ անգամ ԱԱԾ օպերատիվ աշխատողները տեղեկացված չեն եղել, թե մութուլուսին ուր են գնում՝ գործողություն կատարելու։ Բայց առիթը, որով իրականացվել է խուզարկությունը, առնվազն 5 ամսվա վաղեմության է։ Ուղղակի այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չկային եւ այն օգտագործելու անհրաժեշտությունն էլ չկար։                                                

 

Այժմ «առիթի» մասին։ Բանն այն է, որ Վահագն Վերմիշյանի, ապա Վազգեն Պողոսյանի ձերբակալությունից հետո նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել։ Պողոսյանի բնակարանից 5 ամիս առաջ հայտնաբերվել է առանց որեւէ կնիքի ու ստորագրության մի թուղթ, որից երեւում է, որ 2017 թվականին Մարտունու տարածաշրջանից, ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Վազգեն Պողոսյանը ինչ որ գումարներ է ստացել Սեդրակ Առուստամյանից։ Խոսքը հավանաբար նախընտրական քարոզչության ծախսերի մասին է։ Սակայն քանի որ թուղթն իրավական արժեք չի ունեցել, ընդամենը զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, բայց ներկայացրել են, որ դրանով մեղադրանք հնարավոր չի լինի առաջադրել։ Եւ քանի որ Փաշինյանը փետրվարին խնդիրներ չուներ Ծառուկյանի հետ, ասել է՝ անտեսեք։ Հիմա՝ 5 ամիս անց հիշել են այդ թղթի մասին եւ որոշել են դրա հետքերով գնալ Առինջ՝ Ծառուկյանի տանը խուզարկություն անելու։ Անշուշտ, սրանով հնարավոր չի լինելու գործ հարուցել կամ մեղադրանք առաջադրել, բայց շոու սարքել, որի իմաստը վախեցնելն է, միանգամայն հնարավոր է։ Ինչը եւ անում են։