Հարսանիքների անցկացման սահմանափակումները խախտողների ավտոմեքենաները կվաճառվեն եւ դրանցից ստացված հասույթը կփոխանցվի հիվանդանոցներին, իսկ իրավախախտներին կուղարկեն հիվանդանոցներ՝ որպես կամավորներ, հայտարարել է Չեչնյայի ղեկավարը։ Ընդ որում՝ նա հայտարարել է կարանտինի մեղմացման երրորդ փուլը հունիսի 20-ից, հաղորդում է «Կավկազսկիյ ուզել»-ը։ Որոշումը կայացվել է հունիսի 13-ին Օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, երբ Կադիրովը կտրուկ քննադատության է ենթարկել հարսանեկան տոնակատարությունների կազմակերպման կանոնները խախտողներին։

«Այն, ինչ սկսել են անել մարդիկ, շնորհքի, ազնվականության, հավատքի, ամեն ինչի բացակայություն է, քանի որ նրանց կոչ էր արվել պահպանել անվտանգության կանոնները հանուն Բարձյալի, հանուն սեփական ժողովրդի, հանուն սեփական ընտանիքի անդամների։ Կան մարդին, որոնք անում են՝ ինչ ցանկանում են։ Ես ասել եմ առգրավել նրանց մեքենաները եւ վաճառել դրանք։ Ստացված միջոցներն ուղարկել բուժաշխատողներին, քանի որ ներկայում նրանք, բացի բուժելուց, նաեւ օրական չորս անգամ կերակրում են հիվանդներին եւ ամբողջովին զբաղվում նրանց կարիքներով։ Խախտում անողները չեն ամաչում բժիշկներից, որոնք այդքան աշխատում են»,-ասել է Կադիրովը։

Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է հարսանեկան շարասյունում մեքենաների թվի խախտումներին։ Բոլոր խախտողները, որոնք եղել են այդ հավելյալ մեքենաներում, թող դառնան կամավորներ եւ սպասարկեն հիվանդանոցները։ Կադիրովը հավելել է․ «Ստիպե՛ք նրանց լվալ, ավլել հատակը, թող իմանան մեր արածի արժեքը․ դա խայտառակություն է»։

Կորոնավիրուսի պատճառով կարանտինի ընթացքում Չեչնյայում սահմանված կանոններով՝ հարսանեկան ավտոշարասյունը պետք է ներառի առավելագույնը երկու-երեք մեքենա՝ ներառյալ հարսի մեքենան։