Մինչ կառավարությունը «հեղափոխությունից» հետո հույսով սպասում է, որ ներդրումները կգան Հայաստան, ֆինանսական միջոցների արտահոսքը մեր երկրից մեծ թափով շարունակվում է։ Անցած տարի Հայաստանից դուրս է բերվել գրեթե 1,5 մլրդ դոլար։ Խոսքը միայն քաղաքացիների կողմից և միայն բանկային համակարգով գնացած գումարների մասին է։ Այնպես չէ, որ նախկինում ֆինանսական միջոցների արտահոսք չկար։ Իհարկե, կար, բայց ծավալները, առավել ևս աճի տեմպը, շատ ավելի փոքր էր։ Այն արագացավ հատկապես վերջին 2 տարիներին։ 2 տարում արտահոսքը Հայաստանից ավելացել է 465 մլն դոլարով։ Աճն անցնում է 47 տոկոսից։

Անցած տարի ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր հասել են ավելի քան 1 մլրդ 454 մլն դոլարի: Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր մակարդակն է: Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների ընթացքում մեր երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 7 մլրդ 978 մլն 84 հազար դոլար: 2003-2012 թվականներին ՀՀ-ում միջին ապօրինի կապիտալի արտահոսքի ծավալը կազմել է 750 մլն դոլար: Ընդհանուր առմամբ՝ այդ տարիների ընթացքում ապօրինի արտահանվել է 7.5 մլրդ դոլարի կապիտալ:

Արդյունքում՝ ֆինանսական միջոցների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի դրական տարբերությունը) նախորդ տարվա ընթացքում կազմել է 504 միլիոն դոլար՝ 2018 թվականի' 597 միլիոն դոլարի դիմաց։ Բոլոր դեպքերում, ֆինանսական միջոցների արտահոսքն ի վնաս երկրի տնտեսության է։ Գնալով նվազում է ֆիզիկական անձանց փոխանցումների դերը ներքին տնտեսության զարգացման գործում։ Անցած տարի այս հատվածում ձևավորված մաքուր հոսքերը կազմել են ընդամենը 504 մլն դոլար. դրսից մուտք եղած 1 մլրդ 958 մլն դոլարի դիմաց՝ ներսից գնացել է 1 մլրդ 454 մլն դոլար։

Պայմանավորված ակտիվ արտահոսքով՝ տրանսֆերտային շուկայի մաքուր մուտքերը շարունակել են կրճատվել։ Ավելի քան 92 մլն դոլար պակաս գումար է մնացել ներքին տնտեսության մեջ։ Այն ևս 15 տոկոսով կրճատվել է։
Մինչդեռ, ոչ վաղ անցյալում այս հատվածից Հայաստանի տնտեսությունը հսկայական ֆինանսական ներարկում էր ստանում։ 2011-2014թթ. ֆիզիկական անձանց փոխանցումների մաքուր մուտքերն անցնում էին 1 մլրդ դոլարից։ Մասնավորապես, 2013թ. այն ընդհուպ մոտեցել էր 1,5 միլիարդի։ Հիմա հազիվ 500 միլիոնի է հասնում։ Ու հիմնական պատճառը ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացումն է: Հայաստանից գումարների արտահոսքի ուղղությունները տարբեր են. շարունակում է մեծ մնալ Ռուսաստանի մասնաբաժինը, չնայած անցած տարի այն չի ավելացել, ընդհակառակը՝ մի բան էլ կրճատվել է։ Դրանով հանդերձ՝ ֆիզիկական անձանց բանկային փոխանցումները ՌԴ կազմել են շուրջ 426 մլն դոլար։ Եվս 275 միլիոն գնացել է Միացյալ Նահանգներ։

Բնավ էլ զարմանալի չէ, որ հետհեղափոխական Հայաստանում ներդրումները գրեթե զրոյական են, իսկ փողը երկրից փախչում է նման ծավալներով: Պատճառը իշխանությունների վարած քաղաքականությունն է՝ հարկերի ավելացում, բանկային գաղտնիքի փաստացի վերացում, արտոնությունների բացակայություն, պարբերաբար կարվող քրեական գործեր: Փողը սիրում է լռություն, իսկ Հայաստանում արդեն երկու տարի է այդ լռությունը բացակայում է՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ նորանկախ պատմության մեջ գրանցվում է կապիտալի արտահոսքի ամենամեծ ծավալը...