Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում (Միսսուրի նահանգ) գտնվող Թաուեր-Գրոուվ պարկի վարչակազմը ապամոնտաժել է 140 տարի առաջ տեղադրված Քրիստոֆեր Կոլումբոսի հուշարձանը՝ կապված ռասիզմի դեմ բողոքների և ԱՄՆ-ում հուշարձանների զանգվածային ապամոնտաժման հետ: Այս մասին հայտնում է Fox 2 հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, այգու վարչակազմը ֆեյսբուքում հաստատել է, որ արտոնել է հուշարձանի ապամոնտաժումը: Վարչակազմի հայտարարության մեջ ասվում է, որ հուշարձանը տեղադրվել է 140 տարի առաջ՝ որպես այս շրջանի զարգացման գործում ներգաղթյալների ներդրման խորհրդանիշ։

Այնուամենայնիվ, ներկայիս իրողություններում այն դարձել է բնիկ ժողովուրդների և մշակույթների պատմական անտեսման, ինչպես նաև նրանց համայնքների ոչնչացման խորհրդանիշ:

Հուշարձանների մի ամբողջ շարք է ապամոնտաժվել կամ ոչնչացվել վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաների շրջանակներում, որոնք սկիզբ առան Մինեապոլիսում, ոստիկանի գործողությունների արդյունքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո։