Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս հայտարարված չէ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։ «Մրցույթն անցկացնելու իրավասությունը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, որն էլ առաջիկայում կձևավորի մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։ Համավարակի հետ կապված իրավիճակը առաջացնում է մրցույթն անցկացնելու որոշակի խնդիրներ, ուստի գործընթացը կարող է ձգվել մինչև սույն թվականի սեպտեմբեր»,- նշեց նա։ Ըստ տեղեկությունների՝ ՀԸ տնօրենի թափուր պաշտոնի առաջիկայում հայտարարվելիք մրցույթին մասնակցել են պատրաստվում մի քանի թեկնածուներ, այդ թվում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն ու ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը։ Սակայն դեռևս չեն կողմնորոշվում՝ ում նշանակել տնօրենի պաշտոնում: Նշենք, որ այս պահին Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Սարգսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Հիշեցնենք, որ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը պայմանավորված էր ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպով։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։

Սոնա Հարությունյան