Մանրամասներ Խոսրովի արգելոցի հրդեհից
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայրում են գտնվում 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։

Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։

Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Վ․ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, ան-տառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր: