ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների հայցադիմումն ընդդեմ վարչապետի, մամուլի խոսնակի եւ աշխատակազմի վարույթ է ընդունվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ վարույթն ընդունել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը։

Նշենք որ Խաչատրյանները պահանջում են պարտավորեցնել պատասխանողներին՝ վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Դիմելով Դատարան' հայցվորները հայտնել են, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը 2020 թվականի ապրիլի 28-ին ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ հրապարակային գրառումը. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն…»։

Հայցվորը դատարանից պահանջում է՝ պարտավորեցնել պատասխանողներին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Մանե Գեւորգյանին պատկանող ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ «Ներողություն ենք խնդրում Գագիկ Խաչատրյանից եւ նրա որդիներից» վերնագրով գրառում կատարելու եղանակով հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից։

Բացի այդ, հայցվորները պահանջել են դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ եւ ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով' հրապարակելով ներողության եւ հերքման նույն տեքստերը, որոնք պահանջվում են տեղադրել «facebook.com» սոցիալական կայքի' Մանե Գեւորգյանին պատկանող էջում եւ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում :