Պաշտոնապես հաստատվել է Ղազախստանի Ակտաու քաղաքից դեպի Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը: Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ չվերթը կայանալու է հունիսի 24-ին՝ ժամը 01:30-ի՝ կոմերցիոն հիմունքներով: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

«Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 13-ը: Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: