«2 օր շարունակ ջերմելուց հետո որոշեցի թեստ հանձնել պարզվեց կորոնավիրուսով եմ վարակվել։ Թեստը հանձնել եմ երեկ, այսօր արդեն ստացա դրական պատասխան։ Այս պահին տանն եմ և դեռ 14 օր պետք է մեկուսացած մնամ, որի ընթացքում որոշակի ընթացակարգեր պետք է անցնեմ, թոքերս պետք է նկարեն, որովհետև եթե թոքաբորբի նախանշաններ լինեն կնշանակի, որ փոքր-ինչ դժվար հաղթահարելի կարող է լինել հիվանդությունը, բայց եթե նախանշաններ չլինեն՝ հեշտ կհաղթահարեմ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Հարցին՝ հաշվի առնելով Ձեր ակտիվությունը մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է Ձեր գործընկերներին և ԲՀԿ համակիրներին ևս վարակած լինեք, քանի որ վերջին շրջանում ակտիվ շփումների մեջ էիք. «Ես ԱԺ-ում ոչ ոքի հետ չեմ շփվել, իմ աշխատասենյակում ծանոթացել եմ քաղաքացիների նամակներին։ Այս առումով անհոգ եմ և ներքին համոզմունք ունեմ, որ իմ միջոցով կորոնավիրուսը խորհրդարան չի կարող ներթափանցել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ինքը պահպանել է բոլոր կանոնները։

Էնֆիաջյանի խոսքով՝ բոլոր նրանք, որոնք ունեն նախանշաններ պետք է թեստավորում անցնեն, քանի որ կարծում է, որ բազմաթիվ մարդիկ վարակված են, բայց չեն զգում և գուցե լուրջ չեն վերաբերում դրան։

Նշենք, որ Վահե Էնֆիաջյանի հայտարարությունից հետո համացանցում սկսեցին քննարկել, թե ԱԺ-ում կորոնավիրուսը նոր թափ է առնելու: