Իսպանիայում սիրողական մակարդակի ռեստավրատորն այլանդակել է «ոսկե դարի» նկարիչ, գեղանկարչության սևիլյան դպրոցի առաջնորդ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի «Անարատ հղություն» կտավը:

Վալենսիայի մի անհատ կոլեկցիոներ, ով ոչ պրոֆեսիոնալ ռեստավրատորին կատարվելիք աշխատանքի համար տվել է 1,200 եվրո, ապշած էր ստացված արդյունքից: Սուրբ Մարիամի դեմքը կտավի վրա ամբողջովին այլանդակված էր, դիմագծերը՝ անծանոթ: Նկարիչը երկու փորձ է կատարել կտավը վերականգնելու, սակայն երկուսն էլ անհաջողության են մատնվել:

Ներկայումս Իսպանիայում չի գործում որևէ օրենք, որը կարգելի մարդկանց առանց համապատասխան կրթության զբաղվել մշակույթի օբյեկտների վերականգնմամբ: Ըստ Իսպանիայի ռեստավրատորների և պահապանների պրոֆեսիոնալ ասոցիացիայի համակարգող Մարիա Բորխայի՝ նման երևույթներ բավականին հաճախ են պատահում: «Հայտնի ու արժեքավոր աշխատանքները տուժում են ոչ պրոֆեսիոնալ միջամտություններից, որոնք անդառնալի հետևանքներ են առաջացնում»,- ասել է նա:

Նմանատիպ մի դեպք հանրային լայն տարածում էր գտել նաև 2012 թ.: Այդ ժամանակ իսպանական եկեղեցու ծխականներից մեկը, փորձելով վերականգնել Հիսուս Քրիստոսի պատկերը, փոփոխել էր այն և դարձրել անճանաչելի: Մեկ տարվա ընթացքում այդ պատկերը «եկեղեցի հրավիրեց» ավելի քան 40 հազար զբոսաշրջիկի: