«ՀՀ ԶՈւ վերահսկողությունից կորցրած կարող ենք համարել ավելի քան 2000 հեկտար». այս հայտարարությունը տեղ Է գտել նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի «ՍՏԻ ՎԵՐՋԸ» շարքի վերջին հոլովակում, որում խոսվում է նաև այն մասին, որ հայկական գյուղերից Արենին գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ որքանով են իրականությանը համապատասխանում վերոնշյալ հայտարարությունները. «Արենիի հատվածում հայկական որևէ դիրք չի տեղաշարժվել՝ սկսած 1994 թվականից: Այլ հարց է, որ Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ կատարելուց հետո դիրքային որոշ բարելավումներ է կատարել, որն էլ բնականոն գործընթաց է և մեր կողմից ևս կատարվում է: Ճիշտ է նաև, որ Արենի գյուղի վերջին տները և այգիները գտնվում են նշանառության տակ‚ սակայն‚ ոչ հրաձգային»,- պարզաբանեց փորձագետը:

Ի դեպ, վերսկսվել են Նախիջևանի տարածքում 398 տեղանոց հոսպիտալի կառուցման աշխատանքները: Այս ռազմական հոսպիտալի կառուցման մասին հայտարարությունը եղել է դեռևս 2016 թվականին, և մեկնարկը տրվել է 2018 թվականին, որն էլ ավելի մոտ է գտնվում Իրանի սահմանին: Հավելենք, որ 398 մահճակալով հոսպիտալում կգործեն 5 բաժանմունք և 39 տարբեր բաժիններ: Ընդհանուր առմամբ, այստեղ նախատեսվում է կառուցել մոտ 250 հիվանդասենյակ: Հոսպիտալը, որը հագեցած կլինի առավել ժամանակակից սարքավորումներով, կդառնա ԱՊՀ տարածքում խոշորագույնը:

Կարեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ ռազմական հոսպիտալը հետագայում կարող է օգտագործվել նաև Թուրքիայի կողմից․ «Եթե մենք չենք գնում հողերի զիջման կամ Արցախն ամբողջությամբ հանձնելուն, ապա նրանք միայն տեսնում են ռազմական ճանապարհը, պարզապես, Ադրբեջանը հիմա պատրաստ չէ ռազմական ճանապարհով հարցը լուծելուն։ Այս շրջանում հավանականությունը մեծանում է ռազմական որոշակի դրվագային գործողությունների սրացումների. այսպիսի զարգացումների եմ սպասում՝ ելնելով այն հայտարարություններից, որոնք գալիս են Բաքվից»,- ընդգծեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ զենքի պաշարին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց․ «Պատերազմի ժամանակ մեզ թե՛ մեր զենքի պաշարը կբավարարի, թե՛ մարդկային գործոնը, որի ապացույցն էլ եղավ 2016 թ-ի դեպքը։ Ես մնում եմ այն կարծիքին, որ 2016 թ-ին մենք հաղթող կողմն ենք»,- եզրափակեց փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։