Այսօր ենք տեղեկացել, որ տատիկիս դին հուղարկավորել են Նոր Հաճն քաղաքում։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Մալխասյանը, որն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ահազանգել էր, որ հունիսի 29- ի առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, սակայն տատիկի դին մինչ այդ պահը իրենք չեն կարողացել գտնել։

 

«Դեռ մանրամասների չեմ տիրապետում, որովհետև եղբորս են զանգել, նա էլ երկու բառով զանգեց, արագ ինձ փոխանցեց։ Մենք չգիտենք, թե ովքեր են հուղարկավորել մեր տատիկին, մենք միայն գիտենք այն, որ հուղարկավորել են։ Ոստիկանությունից մեզ կասեն հետագա անելիքներն ու գործողություններ»,– ասաց նա։

 Նշենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էլ Մարիամ Մալխասյանի կողմից իրեն ուղղված նամակը, որում Մարիամը պատմել էր, որ կորոնավիրուսից մահացած իր տատիկի դին չեն կարողանում գտնել։

Մարիամ Մալխասյանը News.am-ի հետ զրույցում ասաց, որ իր տատիկը՝ Կարապետյան Սոնիկը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 2 շաբաթ առաջ։

«Գյումրու կենտրոնում երեք օր մնաց, դրանից հետո տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսվաորիչ հիվանդանոց։ Տատիկիս առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր»,- ասաց Մարիամը։

Հունիսի 29-ին հիվանդանոցից զանգահարել և տեղեկացրել են, որ տիկին Սոնիկը մահացել է։ Ասել են, որ գնան հիվանդանոց իրերը վերցնեն, փաստաթղթային գործերն ավարտեն, որից հետո էլ կարող են գնալ Աբովյանի անատոմիկ՝ տատիկի դիակի հետևից։

 «Իրենք ասացին՝ ամսի 30-ին, կեսօրից հետո կմոտենաք անատոմիկ։ Բնականաբար, եղբայրս իր ընկերոջ հետ շարժվեց Երևան, որպեսզի այդ ամեն ինչը հասցնեն ու կեսօրից հետո Աբովյանում լինեն, որ տատիկի դին բերեն»,- պատմեց Մարիամը՝ հավելելով, որ անատոմիկում տատիկի դին չգտնելով, եղբայրը գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

«Ասել է, որ իմ տատիկի անվամբ դիակ այնտեղ գոյություն չունի և մուտք չի էլ եղել, որ էդպիսի դիակ են բերել անատոմիկ։ Ասել են՝ հնարավոր չի նման բան, որովհետև ամսի 29-ի երեկոյան տատիկի դին ուղարկել են Աբովյան քաղաքի անատոմիկ»,-ասաց Մարիամը, ապա շարունակեց, որ դրանից հետո փորձել են գտնել այն բժշկական բրիգադային, որն իր տատիկի դին տեղափոխել է անատոմիկ։ «Եղբայրս ու իր ընկերը կազմակերպել, գտել են։ Բնականաբար, շտապ օգնության աշխատակիցներն ասել են, որ նման անունով դիակ չենք տեղափոխել։ Արդեն ենթադրելի էին, որ անունը շփոթել են, բայց ազգանուն են շփոթել էլի։ Հետո ոստիկանություն, որ դիմեցինք, բնականաբար իրար վրա գցեցին։ Պարետատուն, Առողջապահության նախարարություն, հիվանդանոց․ բժիշկները հրաժարվում էին, ասում էին՝ այդ ադմինիստրատիվ հարցերով մենք պատասխանատվություն չենք կրում։ Ադիմինիստրացիա զանգում ենք՝ հեռախոսը չեն վերցնում, այդպես եղբայրս երեկոյան Նոր Նորքի ոստիկանության բաժնում հաղորդում տվեց տատիկի դիակի կորստի վերաբերյալ։ Շատ օպերատիվ Նոր Նորքի վարչության պետն անձամբ սկսեց այդ հարցով զբաղվել։ Իրենց օպերատիվ խմբերը ուղարկեցին տարբեր մասեր, որոնողական աշխատանքներ կատարելու համար։ Երեկ հարցաքննության արդյունքում պարզվեց, որ սանիտարը չի հասկացել բժշկի ձեռագիրը ու ասում է՝ լոգիկայով պատկերացրեցի, որ դա ոչ թե Կարապետյան Սոնիկ է, այլ Գրիգորյան Սոնիկ։ Նաև նրանք մտածել են, որ տղամարդ է, մտածել են, որ անունը Սուրիկ է, բայց բացել են դիակը, տեսել են՝ կին է, և գրել են՝ Սոնիկ»,- պարզաբանեց Մարիամը։

Մեր հարցին, թե երբ դիմել են Առողջապահության նախարարություն, ի՞նչ են իրենց ասել, Մարիամն ասաց, որ զարմացել են։ «Ուղղակի զարմացան, տվեցին մի համար, ասացին՝ դիակներով այդ մարդիկ են զբաղվում։ Զանգեցինք՝ այնտեղ էլ շատ զարմացան»,- նշեց նա։

Մարիամի խոսքով, տատիկի մոտ նաև գումար է եղել, որն անհետացել է։ Բացի այդ, երբ եղբայրը վերցրել է տատիկի հեռախոսը՝ տեսել է, որ գումար է փոխանցված այլ համարի։ «Մեզ ասել էր, որ իր մոտ բան կա, որը պետք է մեզ փոխանցի։ Ես գիտեի, որ իր մոտ փող կա, ասաց՝ բան կա, պիտի փոխանցեմ։ Ասացի՝ դա հետո, որ գանք՝ կվերցնենք։ Բայց եղբայրս էլի գնաց, սակայն չէր կարելի ներս մտնել։ Դրանից հետո, երբ խոսում էինք, տատիկն ասաց, որ վստահելի մարդ չկա, որ հետն ուղարկեմ դա։ Մենք էդ ամենը փոխանցեցինք բժշկին, որ մեր տատիկի մոտ փող կա և չգիտի՝ ոնց մեզ փոխանցի։ Ինքն էլ ասաց՝ մենք կառգրավենք, դուք կգաք՝ կվերցնեք։ Ոչ մեկ իրավունք չունի վերցնելու այդ գումարը։ Երբ տատիկը մահացավ, գնացինք իրերը վերցնելու ու գումարը չգտանք։ Եղբայրս ասել է, որ գումարը չկա, բայց հրաժարվեցին, որ գումար է եղել տատիկի մոտ։ Դե, իհարկե, եղբայրս ասել է՝ գողին ձեր մեջ փնտրեք, բժիշկը վիրավորական արտահայտություններ է արել եղբորս հասցեին, վերջինս էլ՝ նրան»,- պատմեց նա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում